Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Պարտվածների» բանակը մեղադրում է «հաղթողներին», վերջիններս էլ ներողամտորեն ժպտում են

«Պարտվածների» բանակը մեղադրում է «հաղթողներին», վերջիններս էլ ներողամտորեն ժպտում են
12.06.2009 | 00:00

ՀԱՅԵԼԻՆ ԸՆԴԱՄԵՆՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թեպետ Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների գործընթացն ավարտված է, նոր քաղաքապետը` ընտրված, քաղաքական դաշտում շարունակվում են ընտրությունների հետևանքների շուրջ քննարկումներն ու բանավեճերը։ Կարծիքները երկփեղկված են, և կարելի է հիմնականում հանդիպել երկու մոտեցման. ընտրություններին մասնակցած, սակայն 7 տոկոսի արգելաշեմը չհաղթահարած կամ արդյունքներից դժգոհ քաղաքական ուժերը պնդում են, որ դրանք կա՛մ կեղծվել են, կա՛մ գնվել, իսկ «հաղթողները» համարում են, որ «թերություններով հանդերձ» դրանք արտահայտում են հասարակության իրական տրամադրությունները։
Եվ, որպես կանոն, «պարտվողների» կամ չմասնակցողների բանակներում գտնվող ուժերը գրեթե չեն անդրադառնում ընտրական գործընթացում ու դրանից էլ շատ առաջ թույլ տված իրենց սեփական սխալներին։ Յուրաքանչյուր ընտրություն հասարակության հայելին է, ուր հասարակությունը տեսնում է սեփական դեմքը։ Սակայն «արևի տակ» իրենց տեղը պահպանել ցանկացող և իրենց քաղաքական համարող խմբավորումների համար հայելին ծուռ է։ Այսպիսով, «պարտվածների» բանակը մեղադրում է «հաղթողներին», վերջիններս էլ ներողամտորեն ժպտում են, թե` բան չկա, ախպեր, էդպես էլ կպատահի։
Մինչդեռ իրականության մեջ արդեն երկար ժամանակ մենք ականատես ենք հայոց քաղաքական մշակույթի բացարձակ լճացման։ Սկզբունքորեն կարելի է արձանագրել, որ 1988-ից ի վեր քաղաքական դաշտում ձևավորված քաղաքական բոլոր ուժերը, նույնիսկ ամենակայացած ու ավանդույթներ ունեցող ՀՅԴ-ն, իրենց գործունեությունը կառուցել են շարժումային տրամաբանության վրա։ Շարժումային տրամաբանությունը ենթադրում է հասարակության արագ, բայց կարճաժամկետ համախմբում քաղաքական մեկ ուժի կամ միավորման շուրջը` բացառապես իշխանությունը փոխելու նպատակով։ Եթե տվյալ փուլում իշխանության կառավարման արդյունքներն իսկապես այնքան վատն են, որ նա ռեսուրսներ չունի հակազդելու հասարակական ալիքին, խաղաղ ճանապարհով կամ բռնի ուժով հեռացվում է ասպարեզից, և նրա տեղում հայտնվում են նոր հեղափոխականները։ Սա է շարժումային տրամաբանությունը, որը տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հայ իրականության մեջ իր ազդեցությունը պահպանեց ընդհուպ մինչև 1996-ի նախագահական ընտրությունները։ Դրանից հետո այդ չափի լայնածավալ հակաիշխանական շարժում հրահրել ոչ ոքի չի հաջողվել։
Սակայն այդ ընթացքում և դրանից հետո կապիտալիզմը` հայաստանյան վայրի դրսևորումներով և այլանդակ չարաշահումներով հանդերձ, իր օբյեկտիվ դիրքերն էր նվաճում արևի տակ։ Փոխվում էր հասարակությունը, և անցած քսան տարիների ընթացքում մենք այլևս չունենք այն հանրային հոգեբանությունն ունեցող երկիրը, ինչ էր Խորհրդային Հայաստանում։ Ներկա Հայաստանը, գուցե և ոչ դասական բնորոշմանը լիովին համապատասխան, սակայն դասակարգային հասարակություն է, որտեղ սոցիալական խավերի կողմնորոշիչներն ու ցանկությունները բոլորովին այլ են։ Այլ կերպ ասած, կյանքն առաջ է գնացել, իսկ քաղաքական դաշտը մնացել է քսանամյա վաղեմության գաղափարական լճացման մեջ։ Մերկապարանոց չթվալու համար բերենք կոնկրետ օրինակ։ Միարժեք է, որ այսօրվա հայ գյուղացին` իր բազմապիսի խնդիրներով, դժգոհություններով, դժվարություններով, խորհրդային տարիների կոլտնտեսականը չէ։ Հողի սեփականաշնորհումից անցել է 18 տարի, և քաղաքական կուսակցությունները տվյալ պարագայում գործ ունեն բոլորովին այլ հոգեբանություն ունեցող սեփականատերերի խմբի, շերտի կամ խավի հետ։ Այդ խումբն ունի իր գուցե և նեղ, բայց շատ հստակ, առարկայական, կենսական շահերը, որոնք մինչ այսօր ոչ մի կերպ արտահայտված չեն քաղաքական կուսակցությունների ծրագրերի ու գործունեության մեջ` ընդհանուր դրույթներից ու ձևակերպումներից դուրս։
ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ հետխորհրդային այլ երկրների օրինակով Հայաստանում այդպես էլ չձևավորվեց քիչ թե շատ կշիռ ունեցող ագրարային կուսակցություն։ Սա այն դեպքում, երբ գյուղացիությունը կազմում է բնակչության 30 տոկոսից ավելին, իսկ քաղաքական ուժերն այդ ընտրազանգվածն առայսօր «անտեր» են թողել։ Ագրարային կուսակցություն ստեղծելու երկու փորձերը` 1990-ականների սկզբին ՀԿԿ կենտկոմի նախկին քարտուղար Թելման Դիլանյանի, իսկ 2000-ականների սկզբին նախկին գյուղնախարար Զավեն Գևորգյանի կողմից հաջողություն չունեցան։ Այն պարզ պատճառով, որ գործը թուղթ մրոտելուց (ծրագիր գրելուց) այն կողմ չգնաց։ Այսինքն, քաղաքական կառույցը չմտավ գյուղ, չզբաղվեց գյուղացու ամենօրյա խնդիրներով, նրան պրոբլեմների իր լուծումը չառաջարկեց։ Մարդիկ չտեսան որևէ բան, հանուն որի արժեր ընտրություններում չվերցնել առաջարկվող կաշառքը, այլ սկզբունքային քվեարկություն դրսևորել։ Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ երկու դեպքում էլ ագրարային կուսակցությունները նույնիսկ ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել։
Տարիներ շարունակ լրագրողական գործունեության բերումով առիթ եմ ունեցել դիտարկելու բազմաթիվ ու տարաբնույթ կուսակցությունների խորհրդարանական ընտրարշավները։ Քաղաքական մառազմի այնպիսի գոհարներ, ինչպիսիք իրենց ելույթներում արտահայտում էին մեր տարաբնույթ կուսակցական ֆունկցիոներները, կարելի է մեջբերել հատորներով։ Ասենք` ծայրահեղ պոպուլիզմով զբաղվող մի կուսակցության ֆունկցիոները ելույթ է ունենում Վարդենիսի շրջանում և բազմամարդ դահլիճի առջև կանգնած լինելու հաճույքից ընկնում է այնպիսի էքստազի մեջ, որ խոստանում է, թե իրենց կուսակցության հաղթանակի դեպքում անպայման կվերականգնվեն վարդենիսցիների... խաղողի այգիները։ Սա այն դեպքում, երբ Վարդենիսի տարածաշրջանում վաղ ստրկատիրական ժամանակներից սկսած մինչև զարգացած սոցիալիզմի շրջանը խաղող երբևէ չի աճել։ Կլիման այդպիսին է, չի աճում այդ խաղողն այնտեղ ու վերջ։ Հիմա ինչպե՞ս կարող էր դահլիճով մեկ հռհռացող ժողովուրդը հավատալ, որ իր առջև լուրջ տեսքով հանդես եկող մարդիկ կարող են որևէ պատկերացում ունենալ երկրի կառավարումից առհասարակ։ Բնական է, որ ժողովուրդն այդպիսի դեպքում պետք է նախընտրի ավելի շոշափելի, առարկայական բարիքները, որովհետև դա է լինելու իր միակ իրական օգուտը։
Նույնը կարելի է ասել հասարակության բոլոր մնացած խավերի նկատմամբ կուսակցությունների քաղաքականության հետ կապված։ Մինչև Հայաստանի քաղաքական ուժերը չգիտակցեն, որ իրենք գործում են դասակարգային հասարակության մեջ, չվերափոխեն իրենց ծրագրերը, գաղափարախոսությունը, բնակչության հետ աշխատելու տեխնոլոգիաները, քաղաքական համակարգ որպես այդպիսին չի կայանալու։ Քաղաքական կուսակցությունն առաջին հերթին պետք է որոշի, թե բնակչության որ շերտի շահերն է ինքը ներկայացնում։ Հնարավոր չէ միաժամանակ լինել սոցիալիստ ու լիբերալ, պաշտպանել հարկատուների ու հարկահանների, օլիգարխների ու սովորական աշխատավորների շահերը։ Երբ քաղաքական ուժը որոշում է իր գործունեության տիրույթը, նրա ծրագիրն ու գործելակերպը պետք է համապատասխանեն այն հասարակական շերտի, թեկուզ լոկալ ու էգոիստական, բայց հստակ արտահայտված շահերին։ Այդ պարագայում և տվյալ հասարակական խմբի կամ շերտի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում է, որ քաղաքական կուսակցությունը ձեռք է բերում իրական կողմնակիցներ, որոնք էլ դառնում են նրա ընտրազանգվածը, ֆինանսավորողը և քաղաքական դիրքորոշման պատվիրատուն, դառնում են հանձնաժողովի անդամ, վստահված անձ, անհրաժեշտության դեպքում` քարի կտորը ձեռքին ընտրական տեղամասի մոտ կանգնած համակիր։ Այլ կերպ ժողովրդավարական քաղաքական համակարգ չի կառուցվում։
Չի՞ լինի դա, Հայաստանում միշտ կրկնվելու է նույնը, քանզի վարչական ռեսուրսը և պետական բյուջեն ցանկացած իշխանության ձեռքին այնպիսի հզոր լծակներ են, որ այդ իշխանության վճռականության դեպքում միշտ էլ աշխատելու են անխափան և ապահովելու են իշխանության վերարտադրությունը։ Այնքան ժամանակ, քանի դեռ նրա առջև կանգնած չեն, թեկուզ լոկալ, բայց խիստ կենսական շահերով համախմբված երկրի քաղաքացիների ստվար խմբերը կամ շերտերը, որոնք պատրաստ են քվեարկելու սկզբունքով և նույն ձևով էլ պաշտպանելու իրենց քվեարկությունը։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ